ԵՄ տարեկան զեկույցը ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց է արձանագրել
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գրասենյակը հրապարակել են Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ Հարևանության գործողությունների ծրագրի առաջընթացի 2012թ-ի տարեկան զեկույցը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎորլդՎիժն ընկերության հայաստանյան գրասենյակից, անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ զեկույցն արձանագրում է առաջընթաց բոլոր երեխաների համար դպրոցների մատչելիության զարգացման ուղղությամբ՝ ներառական դպրոցների և գյուղական համայնքների նախակրթարանների ցանցի ընդլայնման շնորհիվ: Վորլդ Վիժն Հայաստանը, ունենալով տարիների փորձ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում, ողջունում է մի շարք ոլորտներում ԵՄ-ի արձանագրված առաջընթացը Գործողությունների ծրագրով նախանշված ուղղություններում:
Այնուամենայնիվ, զեկույցն արձանագրում է, որ «իր հիմնադրման պահից Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործառույթները համարժեքորեն չեն հզորացվել: 2004-2012թթ Երեխաների իրավունքների պաշտպանության Ազգային գործողությունների ծրագրին պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտային նախարարությունների կողմից: Առաջընթացը դանդաղում է հատկապես Համայնքային սոցիալական աշխատողների ցանցի ներդրման և խոստացված «բեռնաթափման» բարեփոխումներում:
ԵՄ-ը հանդիսանում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների կենտրոնական դերակատարը ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում: ՎորլդՎիժն Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի ջանքերը և գործուն աջակցությունը՝ ուղղված Հայաստանում Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակական բարեփոխումներին:
2012թ-ի դեկտեմբերին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է Երեխաների իրավունքների պաշտպանության նոր 2013-2016թթ. Ռազմավարությունը, որտեղ, ի թիվս այլ հիմնահարցերի, ներառվել են դրույթներ Համայնքային սոցիալական աշխատողների ներդրման, բեռնաթափման և Շուրջօրյա խնամքի հաստատությունները այլընտրանքային խնամքի ծառայությունների վերակազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև հաստատվել է Երեխաների իրավունքների պաշտպանության Ազգային հանձնաժողովի նոր կանոնադրությունը, որով Հանձնաժողովին տրվել է պետական ռազմավարական ծրագրերի իրականացման մոնիթորինգի, ինչպես նաև համապատասխան աշխատանքային խմբեր ստեղծելու նոր գործառույթներ: Այս ամենը հույս են ներշնչում, որ ոլորտում հետագայում եւս կշարունակվեն դրական փոփոխություններ արձանագրվել: