1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ կապված արդեն իրականացնում է ժամանակացույցային աշխատանքներ: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մարտի 25-ին ՀՌԱՀ-ում հայտարարեց, որ ինչպես նախագահական և խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունները հանձնաժողովի մոնիտորինգի տակ կլինեն: Մոնիտորինգը կսկսվի ապրիլի 7-ին եւ կտեւի մինչեւ քվեարկության օրը ներառյալ: «Մենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին շուտով կներկայացնենք առաջիկա ընտրությունների հետ կապված հեռուստաեթերի մոնիթորինգի մեթոդաբանությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: Մարտի 21-ին ավարտվել է ցուցակների և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի առաջադրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իրենց ընտրացուցակները ներկայացրել են նաեւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Առաքելություն», ՕԵԿ կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Գրանցման գործընթացը կավարտվի մարտի 31-ին: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: