2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում` մարտի 25-ին, Լեւոն Արոնյանն ուժերը կչափի Բորիս Գելֆանդի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրոսմայստերների առաջին հանդիպմումն ավարտվել է Արոնյանի հաղթանակով: 8-րդ տուրի ավարտից հետո Արոնյանը եւ Կարլսենը հավասար միավորներով կիսում են առաջին հորիզոնականը: Վերջինններս իրենց ակտիվում ունեն 5,5 միավոր: Առաջատարներից 1 միավորով հետ է մնում Վլադիմիր Կրամնիկը: 4-րդ տեղում Ալեքսանդր Գրիշչուկն է, ով իր ակտիվում ունի 4 միավոր: 3,5-ական միավորներ ունեն Պետեր Սվիդլերը եւ Բորիս Գելֆանդը: Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովը նախավերջին տեղում է` ընդամենը 3 միավորով, իսկ Վասիլի Իվանչուկը 2,5 միավորով եզրափակում է ցուցակը:
8-րդ տուրից հետո Արոնյանը, մեկնաբանելով Կարլսենի հետ ունեցած պարտիան, մասնավորապես ասել է. «Ես կարծեցի, թե Մագնուսը ռիսկի չի գնա, եւ հանդիպումը վերջիվերջո ավարտվեց ոչ-ոքի»:
Մարտի 25-ին կայանալիք 9-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի հետ: Գրոսմայստերների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի:Ալեքսանդր Գրիշչուկը սեւ խաղաքարերով ուժերը կչափի Պետեր Սվիդլերի հետ, այս շախմատիստների առաջին պարտիան խաղաղ ելք էր ունեցել:
Վասիլի Իվանչուկն ուժերը կչափի Թեյմուր Ռաջաբովի հետ: Ադրբեջանցին առաջին խաղում հաղթել էր Իվանչուկին: Եվ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կխաղա Բորիս Գելֆանդի հետ: