2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում ապրիլին Երեւանում կբացվի պոեզիայի պուրակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 20-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ պուրակը կդառնա կայանալիք փառատոնի մնայուն արժեքներից մեկը:
«Շուրջ 30 երկրներից Երեւան ժամանած հյուրերը կտնկեն մեկական ծառ: Պուրակում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ: Պոեզիայի պուրակը, անկեղծ ասած, ես համարում եմ կայանալիք փառատոնի մնայուն արժեքներից մեկը»,- ասաց Անանյանը: Նրա խոսքով` Երեւանի կենտրոնում պոեզիայի պուրակի տեղծման նախաձեռնությունը պատկանում է իրեն, այնինչպուրակի բացումը առաջացրել է որոշ երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը:
«Պոեզիայի պուրակը, բնականաբար, պետք է լինի քաղաքի կենտրոնում եւ ունենա բացօթյա հարթակ, որպեսզի տարբեր սերունդների մեր գրողները կարողանան ազատ կարդալ իրենց բանաստեղծությունները, եւ անմիջական շփումների միջավայր ստեղծվի: Պուրակը կլինի կամ Մաշտոցի պողոտային հարող պուրակում, կամ էլ Օղակաձեւ զբոսայգում: Բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլիներ Մաշտոցին հարող պուրակը:
Պետք է հասկանանք, որ մեզ համար կարեւոր է դրա բացումը»,- նշեց ՀԳՄ նախագահը:
Երեւանում ապրիլի 19-21-ը կայանալիք Պոեզիայի միջազգային փառատոնին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրների 50-ից ավելի անվանի գրողներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն 14 տարի է` մարտի 21-ը նշվում է որպես Պոեզիայի միջազգային օր, որին արդեն երեք տարի միացել է Հայաստանը: