2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարայնը ցանկություն ունի ամռանը նոր ակումբ տեղափոխվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին կիսապաշտպանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:«Ամեն ինչ կանեմ ամռանը նոր ակումբ տեղափոխվելու համար: Եթե չստացվի, կմնամ «Շախտյոր»-ում»,- ասաց Մխիթարյանը:
Պատասխանելով ուսանողների հարցերին` կիսապաշտպանը կես կատակ, կես լուրջ ասաց, որ, եթե մասնագիտությամբ ֆուտբոլիստ չլիներ, ապա անպայման կսովորեր տնտեսագիտական համալսարանում:Մխիթարյանի համար աշխարհի լավագույն մարզիչները շատ են, բայց ինքը երկրպագում է Պեպ Գվարդիոլային: Հաջողության գրավականը Մխիթարյանի համար կյանքում լավ մարդ լինելն է:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր դեպք պատահեց. բուհի կառավարման ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը Մխիթարյանին առաջարկեց ամուսնանալ իր հետ, իսկ ֆուտբոլիստը ժպտալով հետաքրքրվեց, թե ինչի է պատրաստ աղջիկը հանուն իրեն: Պատասխանը եղավ` «Մարտի 26-ին Չեխիային գոլ կխփեմ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ Ռոման Բերեզովսկին հյուրընկալվել էին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում: Միջոցառումը կազմակերպվել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: