Մշակույթ

Պոեզիայի միջազգային փառատոնին կմասնակցեն գրողներ նաեւ Թուրքիայից

3 րոպեի ընթերցում

Պոեզիայի միջազգային փառատոնին կմասնակցեն գրողներ նաեւ Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ապրիլի 19-21-ը կայանալիք Պոեզիայի միջազգային փառատոնին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից 50-ից ավելի անվանի գրողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 20-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ փառատոնին մասնակցելու է երկու գրող Թուրքիայից` Արթուր Բարամօղլուն եւ ազգությամբ քուրդ Իրֆան Բաբաօղլուն:

«Գուցե այս կերպ մեր թշնամի հարեւանի հետ գուցե կկարողանանք դրական հարաբերություններ հաստատել եւ գտնել երկխոսության լեզու»,- ասաց Անանյանը:

Նա նշեց, որ շուրջ հինգ մայրցամաք ընդգրկող միջազգային փառատոնին մասնակցելու է նաեւ Նոբելյան մրցանակի հավակնոդ գրող Ադոնիսը Լիբանանից:

ՀԳՄ նախագահի խոսքով, մեծ է արտասահմանյան գրողների` փառատոնին մասնակցելու խանդավառությունը, քանի որ շատերը ցանկություն են հայտնել ուղարկել Հայաստան ոչ թե մեկ, այլ մի քանի պատվիրակ:«Արտասահմանցի գրողները ցանկանում են այցելել Հայաստան եւ այդ կերպ ամրապնդել գրական կապերը: Բանակցություններ են տարվում, որպեսզի մասնակցություն լինի նաեւ Թաիլանդից, քանի որ Երեւանը Թայլանդին է հանձնելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը»,- տեղեկացրեց Անանյանը: ԱՊՀ երկրներից մասնակցության մեծ ակտիվություն կա:

Պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցող գրողների շուրջ 100 ստեղծագործություններ կամփոփվեն անգլերեն եւ հայերեն զուգադիր թարգմանությամբ գրքում: Հիսուն-հիսուն հարաբերակցությամ, բացի արտասահմանցի հեղինակներից, տպագրվող գրքում տեղ կգտնեն նաեւ Արցախի եւ Սփյուռքի հեղինակների ստեղծագործությունները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն 14 տարի է` մարտի 21-ը նշվում է որպես Պոեզիայի միջազգային օր, որին արդեն երեք տարի միացել է Հայաստանը:

Լեւոն Անանյանի հավաստմամբ` տոնի հիմնական նպատակը պոեզիայի քարոչզությունն է, ինչին իր ակտիվ մասնակցությունն ունի նաեւ մեր երկիրը:

Անանյանը նշեց, որ Պոեզիայի միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում եւ մարզերում կիրականացվեն մի շարք գրական միջոցառումներ, որոնց մեկնարկն արդեն տրվել է նախորդ շաբաթ` Եղիշե Չարենցինվիրված տասնօրյակով:

2012 թվականի հոկտեմբերի 16-19-ը, Արցախում առաջին անգամ անցկացվեց պոեզիայի միջազգային փառատոն, որին մասնակցեցին պոետներ ինչպես հայկական 2 հանրապետություններից, այնպես էլ` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լիբանանից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ Վրաստանից: Միջոցառումն իր ձեւաչափով առաջինն էր տարածաշրջանում: Պոեզիայի միջազգային փառատոնն ուներ ժամանակակից քնարերգության զարգացման միտումներ ու կրում էր «Գրողը` խաղաղության մունետիկ» կարգախոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում