1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցաշարի չորրորդ տուրում ոչ-ոքի խաղալով Պետեր Սվիդլերի հետ` գրոսմայստերը մասնավորապես ասել է. «Տխուր չեմ, որ սպիտակներով ոչ-ոքի խաղացի Սվիդլերի հետ: Կարծում եմ, կարեւորն այս մրցաշարում չպարտվելն է»:
Արոնյանը չորրորդ տուրից հետո իր ակտիվում ունի 3 միավոր եւ կիսում է առաջին հորիզոնականը Մագնուս Կարլսենի հետ:
Արոնյանը մրցաշարի առաջին տուրում մրցում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենի հետ: Գրոսմայստերները կիսել էին միավորը: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով առավելության էր հասել Բորիս Գելֆանդի, իսկ երրորդ տուրում` Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Չորրորդ տուրում միավորը կիսել է Պետեր Սվիդլերի հետ: Հաջորդ` 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
5-րդ տուրում միմյանց հետ կմրցեն նաեւ Վասիլի Իվանչուկ-Մագնուս Կարլսեն, Պետեր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ, Ալեքսանդր Գրիշչուկ-Թեյմուր Ռաջաբով զույգերը: