Թումանյանի թանգարանի այցելուները կդառնան «Ձախորդ Փանոս» հեքիաթի մասնակից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը շուտով բոլոր այցելուներին կներկայանա հետաքրքիր անակնկալով. կնախապատրաստվի եւ կառանձնացվի մի անկյուն, որտեղ այցելուն ակամայից կհայտնվի «Ձախորդ Փանոս» հեքիաթի «թոհուբոհի» մեջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ծրագիրը կիրականացվի 3D անիմացիայի միջոցով, որն այցելուներին կստիպի հանկարծակիի գալ եւ շարժվել հեքիաթի թելադրած կանոններով: «Վստահ եմ, որ դա շատ մեծ հետաքրքրություն կառաջացնի եւ կնպաստի այցելությունների ավելացմանը»,- հավատացած է Նարինե Թուխիկյանը:
Թանգարանում նման վիրտուալ հետաքրքիր ծրագիր իրականացնելու փորձ արդեն ունեն: Դեռ 2012 թ. փետրվարի 19-ին` բանաստեղծի ծննդյան օրը, թանգարանն անակնկալ մատուցեց. Հայաստանում առաջին անգամ այցելուները սրահներից մեկում` Վերնատանը, կարողացան տեսնել իրական Թումանյանին: Ամեն ինչ շատ իրական է ու միաժամանակ անհավանական. ացելուն հանդիպում է Թումանյանին, ով նստում է, թերթ կարդում, թերթը դնում սեղանին, քայլում ու ժպտում: Մինչ Թումանյանին «հանդիպելը», այցելուն ինտերակտիվ խաղի մեջ Է մտնում եւ ինչ-որ չափով կանխազգում, որ շուտով տեսնելու է մեծ գրողին: Նմանատիպ ներկայացում Հայաստանում առաջին անգամ էր կատարվում: «Դա ահռելի հետաքրքրություն առաջացրեց եւ շարունակում է հետաքրքրել առ այսօր: Այն նպաստեց, որպեսզի թանգարանի գրավչությունը մեծանա»,- նշեց նա: Նարինե Թուխիկյանը վստահ է` թանագարանը մինչ այդ էլ գրավիչ էր իր բնակարանային հատվածով, Լոռվա ձորի պատկերով, բայց, այնուամենայնիվ, մարդկանց սիրտը միշտ նոր բան է ուզում: «Սա հենց այն ճիշտ ընտրված նորն էր, որը նպաստեց այցելությունների քանակի աճի վրա: 2012 թվականին մենք ունեցանք 40 հազար այցելու եւ վստահ ենք, որ այս տարի շատ ավելին ենք ունենալու»,- ընդգծեց նա:
Թանգարանի տնօրենը վստահ է` ժամանակակից տեխնոլոգիաների դերն այսօր թերագնահատել չի կարելի, ժամանակին համաքայլ է պետք շարժվել: «Թեեւ որպես այդպիսին թանգարանը հին մտքերի եւ իրերի պահոց է, այնուամենայնիվ, այն պետք է հետաքրքիր մատուցել բազմակի այցելությունների համար: Այցելուն ամեն անգամ մի նոր բան է ուզում գտնել»,- ասաց նա:
Թանգարանը գրավիչ դարձնելու խնդիր կա այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում: Նմանատիպ ծրագրերի ներդրմամբ եւ իրականացմամբ իրավիճակը փոքրիշատե փոխվում է: