Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող եւ ամբողջովին անկեղծ. Սերժ Սարգսյան
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել է ստեղծել սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ խորհրդում կընդգրկի հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի ռազմավարություն մշակի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Նախագահ Սերժ Սարգսյանը` մարտի 18-ին պատասխանելով մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, Սարգսյանն ասել է, որ սահմանադրական խորհուրդը կարող էր այդ ռազմավարությունը դարձնել առաջարկություններ, տանել համաժողովրդական քննարկման, հրավիրել փորձագետներ: «Այսինքն` լուրջ աշխատանք տանեն եւ դնեն հանրաքվեի: Եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք, որ մենք ընդունում ենք Սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչեւ այդ աշխատանքը անելը յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնելը եւ պահանջներ ներկայացնելը ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ…»,-նշել է ՀՀ Նախագահը:
Նա ասել է, որ միմյանց առաջարկություններ ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել իրենց առաջին հանդիպմանն ընտրություններից հետո` փետրվարի 21-ին: «Ես նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա եւ ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները դրեցի թղթի վրա, որ ուղարկեմ նրան: Բայց, ինչպես միշտ, ես իմ խոսքին հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռեւս թուղթ չեմ ստացել: Ես նրանից մենակ հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում` տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ եթե կոնկրետ առաջարկություն հնչի, կոնկրետ պատասխաններ կտա: Երկխոսությունը չի կարող մարդը միայնակ անել: Չի կարելի միայնակ բանակցել… «Պիտի գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պիտի առաջարկություն լսես եւ ոչ թե ասես` եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Ես էլ կարող եմ այլ ձեւակերպումներ հնչեցնել…»,-նկատել է Նախագահը:
Նա նորից անդրադարձել է խնդրին` համամասնակա՞ն, թե՞ համամասնական եւ մեծամասնական, խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական… մարզպետները ընտրելո՞ւ միջոցով, թե՞ նշանակելու եւ այլն: «Սրանք բոլորը թեմաներ են, որ պետք է քննարկվեն ոչ թե հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագետների մակարդակով»,-ասել է Սարգսյանը:Նա նշել է նաեւ, որ իր առաջարկություններն ուղարկել է, սակայն ստացել է պատասխան թղթի վրա «խաչի տեսքով»:
Նախագահ Սարգսյանը չի պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են եւ բազմապիսի: Րաֆֆի Հովհաննիսյանի` ավելի քան կես միլիոն մարդու աջակցությունն ստանալու մասին հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում եւ հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, եւ ոչ միայն ես, այլ երեւի մեր բնակչության մեծ մասը, որովհետեւ ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է երեք հազար մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչեւ վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` երեք հազար մարդը, թեեւ մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը. երեք միլիոնի մոտ ենք, երեսուն հազարը` մեկ տոկոս, երեք հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի եւ այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետեւ աշխարհի ե՛ւ բոլոր բարեգործները, ե՛ւ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից եւ իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի»:
Նախագահը նկատեց, որ բոլորը գիտեն իշխանությունների հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ եւ բոլորը գիտեն քաղաքական բանավեճի եւ այլնի մասին: «Սա ասում եմ նրա համար, որպեսզի որեւէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թվականին մինչեւ երեսուն հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր երեք հարյուր հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց իրեն ընտրողների տասը տոկոսը: Որտեղ տասը տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նրա խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետեւ բանակցություններ՝ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը:
Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ եւս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (եւ դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձեւեր»,-ասել է ՀՀ Նախագահը: Նա մի կարեւոր հանգամանք է առանձնացրել` նշելով, որ չգիտե, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: «Ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի եւ Սահմանադրության վրա, ապա, ապա, ապա... Ես երբեք, որեւէ անգամ, ի տարբերություն շատ շատերի, ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարեւներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող եւ ամբողջովին անկեղծ»,-ընդգծել է ՀՀ Նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը: