Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու և կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի և անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության և հույսի հաղթանակով՝ սփռելով իր բարեգութ ազդեցությունը աշխարհով մեկ:

Ձերդ Սրբություն,

Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև որպես մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:

Հայաստանի և Վատիկանի՝ քսանամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի երկխոսությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելություններով ու տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ:

Մեծապես ակնկալում ենք, որ Հայաստանի` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի, և Սուրբ Աթոռի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարի ավանդույթները հետագայում ևս կշարունակեն խորանալ ու զարգանալ նույն ոգով՝ քանզի սերում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից:

Մաղթելով Ձեզ քաջառողջություն և կորով՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում