Տնտեսություն

Չեխական թունդ ալկոհոլային խմիչքները կրկին կներմուծվեն Հայաստան

2 րոպեի ընթերցում

Չեխական թունդ ալկոհոլային խմիչքները կրկին կներմուծվեն Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է Չեխիայից Հայաստան թունդ ալկոհոլային խմիչքների ներկրման արգելքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ որոշման համար հիմք է ծառայել «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության տնօրենի` մարտի 5-ի գրությունը:2012թ. սեպտեմբերից արգելված էր չեխական թունդ ալկոհոլային խմիչքների ներկրումը Հայաստան: «Այդ ժամանակ Չեխիայում ալկոհոլային խմիչքներից 22 մարդ մահացու թունավորվել էր, ինչի պատճառը մեթանոլի պարունակություն էր»,- ասաց Պիպոյանը՝ ընդգծելով, որ այդ խմիչքների վաճառքը ժամանակավորապես արգելվել էր նաեւ Չեխիայում, իսկ եվրոպական մի քանի երկրներ էլ իրենց հերթին հրաժարվել էին դրանք ներկրելուց:

«Թեեւ եվրոպական մի քանի պետություններ ներկրման արգելքն ավելի շուտ հանեցին, մենք դա արեցինք միայն լուրջ ստուգումներ եւ փորձաքննություն անցկացնելուց հետո»,- ասաց Պիպոյանը՝ վստահեցնելով, որ այլեւս վտանգ չկա եւ ցանկացած պահի մասնավոր կազմակերպությունները կարող են կրկին մեր երկիր բերել չեխական արտադրության ալկոհոլային խմիչքները:

2012թ. սեպտեմբերին Չեխիայի Հանրապետությունում մեթանոլ պարունակող մահաբեր ալկոհոլը 22 մարդու կյանք էր խլել, եւս 30 մարդ հոսպիտալացվել էր: Չեխիայի իշխանությունը ժամանակավորապես արգելել էր 20 տոկոսից թունդ սպիրտային խմիչքների վաճառքը երկրում: Եվրոպական մի քանի երկրներ նույնպես դադարեցրել էին չեխական արտադրության թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծումը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2012թ. սեպտեմբերի 19-ի հրամանով Հայաստանում եւս արգելվել էր այդ խմիչքների ներմուծումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում