Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը շնորհավորական նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը շնորհավորական նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից, Դեյվիդ Քամերոնի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի նախագահ Սարգսյան,
Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:
Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:
Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նրանք արժանի են, հատկապես որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:
Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը` ի շահ երկու երկրների»: