Հասարակական

ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է. յուրաքանչյուր ընտրող ընգրկված է մեկ ցուցակում եւ մեկ անգամ

5 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է. յուրաքանչյուր ընտրող ընգրկված է մեկ ցուցակում եւ մեկ անգամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է. քվեարկելու իրավունք ունեցող բոլոր ընտրողներն ընդգրկվել են միայն մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում փետրվարի 18-ին այս մասին ընդգծեց ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է: ՀՀ ոստիկանությունիցայլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվել է 14285 ընտրող, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում` 502, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակում` 1719, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում` 1628 ընտրող: 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո, մինչեւ 2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում մշակվել է ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտության շտկում:

Ընտրացուցակներից հանվել են նաեւ 2028 մահացած անձի տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չէր ստացել: Ոստիկանությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել քանդված շենքերի եւ բազմակի գրանցում ունեցող անձանց: ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին ծանուցագրեր ուղարկվել են սահմանված կարգով քվեարկության օրվանից երեք օր առաջ: Քոչարյանը վստահեցրեց ՀՀ քաղաքացիներին` ունենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ որակի ընտրացուցակներ:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը փետրվարի 18-ին չորս անգամ տեղեկություններ կհաղորդի ընտրություններին մասնակցության ակտիվության մասին. ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին, 21:00-ին կներկայացվեն տեղեկություններ, համապատասխանաբար, ժամը 11:00-ի, 14:00-ի, 17:00-ի եւ 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվությունն, ըստ մարզերի, մարզկենտրոնների եւ մարզերում տասը հազար եւ ավելի ընտրող ունեցող համայնքների, կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում` «Հանրապետության նախագահի ընտրություններ 2013» էջում: Համակարգում տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են):Տվյալները ԿԸՀ-ում ստացվելուն զուգահեռ կհրապարակվեն համացանցում. ԿԸՀ կայքից ընտրողները տեղամաս առ տեղամաս կարող են տեղեկանալ քվեարկության արդյունքների մասին: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ունեն 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեին Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» եւ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:Ընտրություններին կհետեւեն տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում