Հասարակական

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը երեք ժամը մեկ կտեղեկացնի ընտրողների մասնակցության մասին

3 րոպեի ընթերցում

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը երեք ժամը մեկ կտեղեկացնի ընտրողների մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը փետրվարի 18-ին չորս անգամ տեղեկություններ կհաղորդի ընտրություններին մասնակցության ակտիվության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԿԸՀ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը փետրվարի 18-ին նշեց, որ ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին, 21:00-ին կներկայացվեն տեղեկություններ, համապատասխանաբար, ժամը 11:00-ի, 14:00-ի, 17:00-ի եւ 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվությունն, ըստ մարզերի, մարզկենտրոնների եւ մարզերում տասը հազար եւ ավելի ընտրող ունեցող համայնքների, կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում` «Հանրապետության նախագահի ընտրություններ 2013» էջում: Համակարգում տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետության նախագահի վեցերորդ ընտրությունների քվեարկությունը սկսված է. այն ընթանում է բնական հունով: Ժամը 08:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր ընտրատեղամասերը, բացառությամբ ՔԿՀ-ներում ձեւավորված 7 տեղամասերի, բացված են: Նշված յոթ տեղամասերում քվեարկությունը, պայմանավորված համապատասխան հիմնարկների առանձնահատուկ ռեժիմով եւ ընտրողների թվաքանակով, փոքր-ինչ ավելի ուշ է սկսվելու, մեկում`10:00-ին, մյուսներում` 17:00-ին: Առավոտյան 15 904 հանձնաժողովի անդամներից չեն ներկայացել 126-ը, սակայն համալրում է կայացվել միայն ութ անդամով. այնտեղ, որտեղ հանձնաժողովի ութ նախատեսված անդամների մեկական բացակայություններ են եղել, համալրումներ չեն կատարվել: Առավոտյան փորձարկվել է նաեւ թանաքանյութը, այս պահին թանաքանյութի հետ կապված որեւէ խնդիր չկա, ահազանգեր չեն ստացվել:

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 է:Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են):Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկության օրը, ինչպես եւ խորհրդարանական ընտրություններին, հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքը բացառապես թափանցիկ ընթացակարգերով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում