Արծրուն Հովհաննիսյանը զինվոր-հրամանատար փոխադարձ վստահության հարցում կարեւորում է հոգեբանի դերը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ զինվորների եւ հրամանատարների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ. ի սկզբանե զինվորը պետք է վստահի այն ղեկավարին, ում հետ երկու տարի շարունակ անմիջական առնչություն է ունենալու:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` խոսելով Զինված ուժերում սպա-հոգեբանների ներդրման նշանակության մասին: Նա նկատեց, որ այդ վստահության ստեղծման առումով էական դեր կխաղա հենց սպա-հոգեբանների ինստիտուտը: «Սպա-հոգեբանների ներդրման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ուշագրավն այն է, որ մենք այս հարցի շուրջ տարբեր քննարկումներ ենք ունենում, տարբեր ուղիներ ենք փնտրում համակարգի ներդրման համար` գտնելու ամենաարդյունավետ ուղին»,- ասաց նա: Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ մի քանի տարուց հետո այս հարցը վերջնական լուծում կստանա: ՊՆ մամլո խոսնակի կարծիքով` ապագա զորակոչիկների հետ համապատասխան աշխատանքներ պիտի տարվեն նաեւ մինչեւ բանակ գնալը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կհամալրվեն հոգեբանության բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, որոնց կշնորհվի սպայի կոչում: Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Սպա-հոգեբան պիտի լինի ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր գնդում. դրանք ողջամիտ ժամկետերում կհամալրվեն համապատասխան մասնագետներով: Նոր ինստիտուտի ներդրման ժամանակ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը, բայց առաջին հերթին` մեր իրականությունը: «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն` զորամասերում նոր հաստիքներ են ներդրվելու` գնդի սպա հոգեբանի եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի։ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համոզմամբ` եթե քաղաքացիական կյանքում հոգեբանի մասնագիտական աջակցությունը մեծ դեր ունի, ապա այն էլ ավելի կարեւոր է զինծառայողների դեպքում։