ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Carrefour-ը ներկայացված լինի հայկական շուկայում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է Carrefour առեւտրային ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը ՀՀ-ում գործունեություն իրականացնելու, ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
«Հայաստանի կառավաությունը շահագրգռված է, որպեսզի Carrefour-ը ներկայացված լինի մեր շուկայում, մատուցի այն ծառայությունները, որոնք մատուցում է աշխարհով մեկ: Դա պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ, առաջին հերթին կարևոր է բնակչության համար, մրցակցային դաշտի, նոր տիպի ինստիտուտների, ենթակառուցվածքների ձևավորման, գյուղապրանքների գնումների, փաթեթավորման, հայկական ապրանքների արտահանման համար»,- ասաց ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և ՀՀ իշխանություններն առաջարկել են, որպեսզի այդ ընկերությունը հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում: ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաև, որ ավելի վաղ ֆրանսիական ընկերությունը հայաստանյան մասնավոր ընկերություններից մեկի հետ հիպերմարկետի բացման մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել, սակայն առաջացել են որոշակի խնդիրներ: «Այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում և փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ Carrefour-ի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը հարկային դաշտի վերաբերյալ որևէ հարցով չեն դիմել:
«Պետական հատվածի հետ որևէ խոչընդոտ չկա, նրանք շնորհակալ են, որ կառավարությունն իրենց աջակացում է յուրաքանչյուր հարցում: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ֆրանսիական աշխարհահռչակ ընկերության համար ստեղծի նպաստավոր պայմաններ»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը:
Ավելի վաղ նշվում էր, որ Carrefour-ը Երևանում իր հիպերմարկետը բացելու է նորաբաց «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում: