2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն եւ տաղանդավոր երգչուհիՖլորա Մարտիրոսյանն այսօր` փետրվարի 5-ին, կդառնար 56 տարեկան: Թեեւ սիրված երգչուհին երկու ամսից ավելի է այլեւս մեզ հետ չէ, այնուամենայնիվ, նրա երգերը շարունակում են հիացնել արվեստասեր հանրությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ-ի փետրվարի 5-ին Գյումրիում: Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին` երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքրն էր: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973 թ-ի մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին եւ արժանանում առաջին մրցանակին:
Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: 1987 թ-ին ամուսնացել է լրագրող Հրահատ Գեւորգյանի հետ: 1991 թ-ին նա ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես: 2002 թ. Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007 թ. հիմնում է «Artists for Peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, ովքեր իրենց ձայն են բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների` «Այլեւս երբեք» կարգախոսով: 2011 նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը եւ շատ ուրիշներ:
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012 թ-ի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Երգչուհու աճյունն ամփոփված է հայրենիքում: