Ադրբեջանցի հինգ զինվորի մայրը փորձել է անցնել ԼՂՀ տարածք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ոստիկանությունը կանխել է հինգ զինվորի մայր 76-ամյա Զարիֆա Մուհամեդ գըզը Սաֆարալիեւայի` Բարդայի շրջանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք անցնելու փորձը: Նա այդ քայլին դիմել է ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած իր 5 որդիների նկատմամբ իշխանությունների գործադրած կամայականությունների պատճառով:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` faktxeber.com լրատվական կայքը, տարեց կինը հայտարարել է, որ Բարդայի շրջանի Գյուզանլը գյուղի հարուստ բնակիչներից մեկն «օր ու արեւ չի տալիս իր որդիներին»: Նա ծաղր ու ծանակի է ենթարկում նրանց եւ խոչընդոտում նրանց մանր ձեռնարկատիրությանը, իսկ ոստիկանությունը ոչ մի ընթացք չի տալիս դրա հետ կապված իրենց բազմաթիվ բողոքներին: Բանը հասել է նրան, որ այդ «զոռբան» հարբած վիճակում ոստիկանների աչքի առաջ ծեծի է ենթարկել նրա որդուն, մարմնական վնասվածքներ պատճառել եւ փշրել նրա ատամները: Ոստիկանությունը չի ցանկացել պատժել հանցագործին:

«Ես հինգ զավակ եմ ուղարկել ղարաբաղյան պատերազմ, նրանք բոլորը հաշմանդամ են դարձել: Այդ շփացած մարդը չի թողնում բազմազավակ որդիներս հանգիստ ապրեն, իսկ նրա փողերի երեսից ոստիկանությունն անտեսում է մեր բողոքները: Այդ պատճառով էլ որոշել եմ հավաքել ընտանիքս եւ անցնել հայերի կողմը», -հայտարարել է նա: Սաֆարալիեւան իր ասածը ցանկացել է կատարել փետրվարի 4-ին: Մի ձեռքում սպիտակ դրոշը, մյուսում` դյուրավառ նյութ բռնած` Աղդամի ուղղությամբ շարժվելու ժամանակ նրան կանգնեցրել են Գուզանի ոստիկանության աշխատակիցները եւ տարել ոստիկանական բաժանմունք:

Հայերեն English Русский