Հասարակական

Հայաստանը որպես COPUOS անդամ միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման միջազգային 5 հիմնական պայմանագրի

4 րոպեի ընթերցում

Հայաստանը որպես COPUOS անդամ միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման միջազգային 5 հիմնական պայմանագրի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան, դառնալով ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի`COPUOS-ի անդամ,միանալու է տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական աստղագիտական ընկերությունից, պայմանագրերից մեկը«Տիեզերքի պայմանագիրն» է, ըստ որի պետությունները պարտավորվում են տիեզերքն օգտագործել խաղաղ նպատակներով, այդ թվում Լուսնի և տիեզերական այլ մարմինների հետ կապված հարցերում: Հաջորդը «Փրկության համաձայնագիր»ն է, որով պետությունները պարտավորվում են համագործակցել տիեզերագնացների փրկության և վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի հարցերում: «Պատասխանատվություն կոնվենցիան» կարգավորվում է տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասներով պայմանավորված պատասխանատվությունը, իսկ «Գրանցման կոնվենցիա»-ով գրանցվում են տիեզերք արձակված օբյեկտները: Վերջին` 5-րդը «Լուսնի համաձայնագիրն» է, որով կարգավորվում են Լուսնի և տիեզերական այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը: Բացի դրանից, այսուհետև Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի COPUOS-ի և դրա գիտատեխնիկական և իրավաբանական ենթահանձնաժողովների տարեկան նիստերին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր լիագումար նիստում դեկտեմբերին ընդունել է բանաձև, համաձայն որի Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (United Nations Committee on the Peaceful Uses of Outer Space, COPUOS) անդամ: Սա Հայաստանի համար խիստ կարևոր է ոչ միայն գիտատեխնիկական, այլև` քաղաքական առումով, ինչն առաջին հերթին հայ դիվանագետների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Հայաստանին անդամագրելու գլխավոր հիմնավորումն է, որ սեփական տիեզերական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունեցող, բայց այդ ոլորտում բարձր գիտական ներուժ ունեցող պետություններն ավելի լայնորեն ներգրավվեն միջազգային տիեզերական գործակալությունների աշխատանքներին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Տիեզերքի խաղաղ օգտագործման դրսևորումներից է, որ մասնավորապես, մեր աստղագետները մասնակցում են ամերիկյան և եվրոպական տիեզերական աստղադիտարաններով իրականացվող գիտական նախագծերի` օպտիկական (Հաբլի տիեզերական աստղադիտակ), ենթակարմիր (IRAS, Սպիտցերի և Հերշելի տիեզերական աստղադիտակներ) և ռենտգենյան (ROSAT, Chandra, XMM) տիրույթներում: Ավելին, վերջերս հրավեր է ստացվել Միջազգային մոլորակային տվյալների ալյանսից (International Planetary Data Alliance, IPDA), որտեղ մեզ առաջարկվում է նույնպես անդամակցել այդ կազմակերպությանը: Վերջապես, 2011-ին ՀՀ ԳԱԱ և Ռոսկոսմոսի միջև ստորագրվել է պայմանագիր և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում 2012-ից սկսվել է նաև տիեզերական աղբի (տիեզերական սարքերից մնացած բեկորների) հետևման և ուսումնասիրության ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում Բյուրականի ասղտադիտարանում տեղադրվում են արագ պտտվող աստղադիտակներ, ինչպես նաև վերանորոգվելու են աստղադիտարանի խոշոր դիտակները:

Հայաստանի մասնակցությունը COPUOS-ին շահավետ և արդյունավետ կլինի բոլոր տեսակետներից: Մասնավորապես, հնարավոր են դառնում նոր տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը: Մեր երիտասարդ գիտնականները հնարավորություն կունենան մասնակցելու այդ նախագծերին և դրանց շրջանակներում այցելելու ԱՄՆ-ի (NASA), Եվրոպական (ESA) և ՌԴ տիեզերական գործակալությունների գիտական կենտրոնները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում