3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում հունվարի 23-ին ընտրվել են պատրիարքի հինգ թեկնածուները: Այս մասինհաղորդեց Երուսաղեմում«Արմենպրես»-ի թղթակից, Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (21 ձայն), պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը (16 ձայն), Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը (18 ձայն), Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը (15 ձայն) և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը (15 ձայն):
Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ թվով երեսուներեք հոգևորական:
Պատրիարքի վերջնական ընտրությունն ընթանալու է երկու փուլով: Առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հինգ թեկնածու, որոնք կհավաքեն ամենաշատ ձայները:
Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության երեսունհինգ տարին լրացած վարդապետներն ու եպիսկոպոսները:
Ընտրության երկրորդ փուլում պատրիարք է ընտրվելու հինգ թեկնածուներից մեկը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ` կեսից ավելի, իսկ պատրիարքի գահակալման օրը կորոշվի ընտրությունից հետո: Հունվարի 25-ին պատրիարքարանում կանոնադրական բարեփոխումների մասին ժողով կգումարվի:
Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի(1990-2012)վախճանից հետո: 93-ամյա պատրիարքը տասնամյակներ շարունակ նվիրումով ծառայել է հայ եկեղեցուն: Նա նաև եղել է «Սիոն» պաշտոնաթերթի խմբագրական կազմի անդամ, Ճեմարանի փոխտեսուչ և տեսուչ: Մանուկյանը ծառայել է ԱՄՆ-ում` Քրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոնն ամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև «Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցել միջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում:
Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20 մենագրությունների, որոնց թվում` բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս. Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբ վայրերի մանրամասն ուղեցույց: Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր: