Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է ՀՖՖ-ին` ազգային հավաքականների հանդիպումն անցկացնել օգոստոսի 14-ին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 22-ին Երևանում նախատեսված Հայաստան-Թուրքմենստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012 թ.-ին, չի կայանա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, Թուրքմենստանի հավաքականը նշված ժամկետերում մասնակցելու է Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին:
Նախատեսված էր, որ այդ հանդիպումները պետք է կայանային մարտի 2-10-ը, սակայն ՖԻՖԱ-ն, ընդառաջելով մրցաշարի կազմակերպիչ երկրի՝ Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքին, փոխել է ժամկետերը՝ հաստատելով նոր ժամկետներ՝ մարտի 20-28-ը:
Այս կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է պաշտոնական նամակ, որում, մասնավորապես, նշված է. «Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին երախտագիտությունը մեր երկրների հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հրավերի համար, սակայն ցավով պետք է նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումների ժամկետերի տեղափոխության պատճառով մենք չենք կարող ընդունել ձեր հրավերը: Դրա փոխարեն սիրով առաջարկում ենք հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսի 14-ին կամ մեկ ուրիշ օր»:
Հանդիպման հնարավոր նոր ժամկետերը ՀՖՖ-ն դեռ չի քննարկել: