ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանում հիմնվելիք ավտոբուսների արտադրությունը կթողարկի միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ:
«Արմենպրես»-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացրին, որ գործարանին անհրաժեշտ պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, իսկ Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը: Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչեւ 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս: Դրանք անաղմուկ կլինեն, հարմարավետ նստարաններով, կունենան օդորակման համակարգեր, ինչպես նաեւ զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից:
Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի, իսկ մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում:
Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում, իսկ մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները:
Ashok Լeyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ: Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից:
ՀՀ կառավարության նիստում թույլատրվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երեւան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MedAK Gmbh» գերմանական ընկերությանը՝ ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար: Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան իրականացնել միջին եւ մեծ տեղատարողության ավտոբուսների արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով 7 միլիոն դոլարին համարժեք դրամ: