Հայաստանի եվրաինտեգրման տեմպերն զգալիորեն տարբերվել են նախորդ տարիներից. Կարեն Բեքարյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի տեմպերն ու խորությունն անցնող տարում էականորեն տարբերվել են նախորդ տարիներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, դրան նպաստել են պաշտոնյաների փոխադարձ այցելությունները: «Վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիրը, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի առաջիկա ստորագրումը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ հատկապես Խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտու ստեղծումը կարեւոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:«Շատ դեպքերում մեր հանրությունը չի պատկերացնում, որ համաձայնագիրը վերաբերում է յուրաքանչյուր անձի»,- ասաց նա:
Քաղաքագետը Հայաստանի եվրաինտեգրումը գերակայություն է համարում, ինչը հասկանալի դարձավ նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ վերջին համագումարի ելույթից:«Եվրաինտեգրումը միայն արտաքին քաղաքականություն չէ, դա երկրի ներքին զարգացման հարցերից է»,- ընդգծեց նա: