2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում կայացել է սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Այն նախագահել է Հայ եկեղեցու Ամերիկայի արեւմտյան ափի առաջնորդ Հովնան Սրբազանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անվանի երգչուհուն հարգանքի տուրք մատուցելու եւ վերջին հրաժեշտը տալու են եկել բազմաթիվ օտարերկրացիներ, նրա գործընկերներից շատերը, որոնց հետ Ֆլորա Մարտիրոսյանը դեռ մեծ ծրագրեր ուներ իրականացնելու: Երգչուհու հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու հավաքվածներին ցավակցել է նաեւ Հայաստանում ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը: «Ես այսօր տիկնոջս հետ Լոս Անջելեսում էի եւ զգացված եմ, որ հնարավորություն ունեցա ներկա լինել Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը, ով այնքան թանկ է հայ ժողովրդի համար: Ամերիկացի ժողովրդի, ԱՄն դեսպանության անունից ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին ու հայ ժողովրդին այդ կորստի համար»,- ասել է նա:
Սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` ժամը 12:00-14:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Իսկ հուղարկավորությունը կկայանա նույն օրը Երեւանի քաղաքային պանթեոնում:
2007 թ-ին հայ մեծանուն երգչուհին հիմնել է «Արտիստները հանուն խաղաղության» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին «Այլեւս երբե´ք» ասելուն: «Այլեւս երբե´ք» խորագրով շարքի վերջին համերգը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 24-ին Մոսկվայում. այն պետք է շարունակվեր աշխարհի մի շարք երկրներում եւ Հայաստանում մինչեւ 2015 թ-ին: Ֆլորա Մարտիրոսյանի շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց համար բացահայտել են Հայաստանն ու հայ ժողովրդին՝ միանալով մի հպարտ ազգի բողոքին: