3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 29-ինհանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խմբի անդամները:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺհասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Թուրքմենստանի նախագահին Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորել է առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը: Երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Հովիկ Աբրահամյանին փոխանցել է Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի ջերմ ողջույնները եւ պաշտոնական այցի հրավերը: Բերդիմուհամեդովի համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Նա կարեւոր եւ օգտակար է համարել Հայաստանի փորձը օրենսդրական բարեփոխումների ոլորտում: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության զարգացումը` Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը եւ տեղեկացրել է, որ այսօր մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել: Բերդիմուհամեդովը նշել է, որ առեւտրատնեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով 2013թ. Աշգաբադում կկազմակերպվի գործարար ֆորում եւ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց մասնակցել այդ միջոցառմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեԼ են տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: