2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լիտվայի ընտրանու նկատմամբ տարավ գեղեցիկ 4:2 հաշվով հաղթանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «հավերժ ավագ» Սարգիս Հովսեփյանն իր վերջին հանդիպումն էր անցկացնում ազգային հավաքականի կազմում եւ փոխարինվեց առաջին կեսում` դաշտը լքելով բուռն ծափահարությունների ներքո:
Մեր ընտրանին ցուցադրեց գեղեցիկ, կոմբինացիոն ֆուտբոլ: Հայաստանի հավաքականի կազմում հաշիվը նախ բացեց Էդգար Մանուչարյանը` գոլային փոխանցումը ստանալով Արաս Օզբիլիսից: Երկրորդ գնդակը հեղինակեց Կառլեն Մկրտչյանը. Հենրիխ Մխիթարյանի տուգանային հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարապասաձողից` հայտնվելով Մկրտչյանի մոտ, ով լավ կողմնորոշվեց մրցակցի տուգանայինում և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Մեր թիմի կազմում երրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը` կրկին Օզբիլիսից ստացած գոլային փոխանցումից: Այդ գրոհը հիանալի խաղարկեցին մեր տղաները` պատ խաղարկելով կտրելով մրցակցի պաշտպանությունը:
Այնուհետև լիտվացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` մեր թիմի պաշտպանությունում թույլ տրված կոպիտ սխալի հետևանքով: Հանդիպման 78-րդ րոպեին Արաս Օզբիլիսը հաշիվը դարձրեց 4:1`խփելով անչափ տպավորիչ գոլ: Երիտասարդ ֆուտբոլիստը գնդակը մրցակցի դարպասի իննյակն ուղարկեց դարպասապահի գլխավերևով: Լիտվացիներին հաջողվեց հաշիվը կրճատել միայն 11 մետրանոց հարվածի շնորհիվ, որը նշանակվեց Կառլեն Մկրտչյանի թույլ տված կանոնների խախտման հետևանքով: Մեր թիմի խաղը հատկապես հարձակման գծում շատ լավ տպավորություն թողեց այն դեպքում, երբ վնասվածքների պատճառով բացակայում էին հիմնական հարձակվողներ Յուրա Մովսիսյանը և Արթուր Սարկիսովը:
Այսպիսով` ՀՀ ընտրանու լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանի ֆուտբոլիստի կարիերան ունեցավ հաղթական ավարտ:
Ընկերական հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: