ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 5 մլն եվրոյի վարկ՝ ուղղելու «Երեւանի մետրոպոլիտեն»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումներ՝ Երեւանի մետրոյի համակարգը վերակառուցելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունիցՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել երկու համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը որոշակի փոփոխություններ է առաջարկում ֆինանսական պայմանագրի տեխնիկական նկարագրում: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրով բանկը Հայաստանին կտրամադրի 5 մլն եվրոյի վարկ՝ մետրոյի թունելների վերակառուցման, կայարանների ու ծառայողական շինությունների բարելավման, վագոնների արդիականացման, դրենաժային թունելի վերանորոգման նպատակով:

Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել` համաձայնագրերն ընդգրկելու քառօրյա նիստերի օրակարգում:

Հայերեն English