«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամով օգնել է Քաշաթաղում հաստատված սիրիահայերին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին նախաձեռնությունից:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից ծրագրեր են իրականացվելու նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։
Սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են: Հոկտեմբերի 22-ին, Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխվել մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։Ըստ նախնական ծրագրի, կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը՝ չբացառելով նաև չարթերային բեռնատար թռիչքները։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ հայրենակիցների աջակցությանը։