2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կշարունակի անակնկալներ մատուցել հայ արվեստասեր հանրությանը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, տարվա անակնկալային գագաթնակետը կլինի նոյեմբերի 9-ին տեղի ունենալիք համերգը. Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ կունենա Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախումբը: Այն իր վարկանիշով աշխարհումառաջին լավագույն եռյակում է: «Սա իսկապես մեծ ձեռքբերում է, քանի որ այս նվագախմբի համերգը չորս-հինգ տարի առաջ են պլանավորում»,- ասաց նա:
Փառատոնի գլխավոր մենեջերը գոհ է դասական համերգների հաճախող հայ հասարակությունից: «Մենք ունենք փայլուն լսարան, որին նախանձում են շատ-շատ երկրներ: Դրա մասին վկայում են անգամ եվրոպացի երաժիշտները: Նրանք ասում են, որ այստեղից է սկսվելու աշխարհի հոգեւոր վերածնունդը»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Այն հանգամանքը, որ Հայաստանում շատ փառատոններ են անցկացվում, Սոնա Հովհաննիսյանը դրական է համարում: «Մենք բաց ենք համագործակցության, ձեռք մեկնելու եւ կապեր հաստատելու համար»,- շեշտեց նա:Փառատոնի կազմակերպիչներն անելու են հնարավորը, որպեսզի հաստատվի Մաքսիմ Վենգերովի մենահամերգը Երեւանում` իբրեւ ջութակահար, ոչ թե որպես դիրիժոր: «Ցանկանում ենք, որպեսզի հայ հանրությունը հնարավորություն ունենաայդ վիրտուոզ ջութակահարին լսելու»,- ասաց նա:
Նախկին «21-ի հեռանկարներ», այժմ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն առանձնանում է ամբողջ տարածաշրջանում իր տեւականությամբ, գեղարվեստական բարձր մակարդակով: Փառատոնը տարիներ շարունակ Հայաստան է հրավիրում առաջնակարգ նվագախմբեր եւ մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից: