Ադրբեջանն աշխարհի հինգ վտանգավոր երկրներից մեկն է. զգուշացնում է TravelVivi առցանց զբոսաշրջության ուղեցույցը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TravelVivi առցանց զբոսաշրջության ուղեցույցն Ադրբեջանը դասել է աշխարհի 5 ամենավտանգավոր երկրների ցանկում, որտեղ պետք է խուսափել այցելել:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` կայքում մասնավորապես նշված է. «Զբոսաշրջային հիանալի վայրեր կան Եվրոպայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլուր, որոնք կարող են այցելուներին գրավիչ առաջարկներ անել, սակայն միաժամանակ աշխարհում դեռեւս կան տեղեր, որտեղ միշտ կարող են ձեզ առեւանգել, կողոպտել, վնասել եւ այլն: Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք ձեզ երկրներ, որոնք պետք է հեռացնել ձեր ճանապարհորդական ցանկից»: Ադրբեջանը ցանկի 3-րդ տեղում է`հաջորդելով Պապուա Նոր Գվինեային եւ Հաիթիին:
«Ադրբեջանը հայտնի է «Կրակների երկիր» անվանմամբ: Եվ չնայած գեղեցիկ բնությանը եւ գրավիչ վայրերին` նավթով հարուստ Ադրբեջանը շարունակում է մնալ այն երկրներից, որտեղ մեծ մտահոգություններ կան` կապված ԶԼՄ-ների եւ ազատ արտահայտման հետ, նաեւ մտավախություն կա, որ զբոսաշրջիկները կենթարկվեն ֆիզիկական հարձակման` էթնիկ ծագման, կրոնական եւ անգամ մաշկի գույնի համար: Միջազգային լրատվամիջոցները վտանգավոր այս երկրի վրահատկապեսմեծ ուշադրություն սկսեցին դարձնել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ներում շնորհելու եւ պարգեւատրելու հետեւանքով»,-նշվում է նյութում:
TravelVivi-ն զգուշացնում է` եթե երբեւէ այնպես պատահի, որ հայտնվեք Ադրբեջանում, ուշադիր եղեք հետեւյալ կետերի նկատմամբ. մի քայլեք միայնակ գիշերը փողոցով, փորձեք զբոսանքը կազմակերպել որքան հնարավոր է մոտ այն հյուրանոցին, որտեղ մնում եք, խուսափեք ցույց տալ հասարակության մեջ, որ ձեզ մոտ մեծ գումար կա, մի վերցրեք թանկարժեք իրեր ձեզ հետ:
Վտանգավորների ցանկի մեջ է հայտնվել նաեւ Եգիպտոսը»,-գրում է TravelVivi առցանց զբոսաշրջության ուղեցույցը:
Այն նաեւ ընդգծում է` հրապարակված նյութը քաղաքական դրդապատճառներ չունի: Այն պարզապես TravelVivi-ի տեսակետն է, որը պատրաստվել է` նախազգուշացնելու այցելուներին աշխարհի վտանգավոր վայրերի մասին: