2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներում շնորհելու գործով կարևոր կլինի Ստրասբուրգի դատարանի որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը` կարծիք հայտնելով, որ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ես որպես դատավոր ամենամեծ պատիժն եմ նշանակում մարդասպանությունների համար, եւ որպես գերագույն դատարանի նախագահ` առաջինն եմ ցմահ դատապարտման որոշում կայացրել մարդասպանության համար»,-ասաց Շտեֆան Հարաբինը:
Բուդապեշտում 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից հենց ցմահ ազատազրկման էլ դատապարտվել էր` 30 տարի առանց ներման իրավունքի: Սակայն, երբ 2012թ. օգոստոսի 31-ին նա հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, այդ երկրի նախագահի կողմից ներման արժանացավ, ազատ արձակվեց: Մարդասպանի հերոսացումը քննադատական գնահատականի արժանացավ միջազգային հանրության, հեղինակավոր տարբեր կառույցների կողմից: Հայաստանի Հանրապետությունը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որը, սակայն, Ադրբեջանին մեղադրեց իրեն խաբելու մեջ:
ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող մյուս հայ սպա Հայկ Մակուչյանը, ով եւս տուժել էր ոճրագործ Սաֆարովի գործողություններից, հայտարարեց, որ պատրաստվում է դիմել միջազգային դատարաններ: Փոխգնդապետ Մակուչյանն արդեն խորհրդակցություններ է սկսել իրավաբանների հետ` հարցն ուսումնասիրելու եւ հայց պատրաստելու նպատակով: