ԵՄ Դոնորների կոնֆերանսին Հայաստանը կներկայացնի ենթակառուցվածքների զարգացման մեծ փաթեթ
2 րոպեի ընթերցում

ՋԵՐՄՈՒԿ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Եվրամիության` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպվելիք Դոնորների կոնֆերանսին Հայաստանը ներկայացնելու է բարեփոխումների և ենթակառուցվածքների զարգացման մեծ փաթեթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ջերմուկում մեկնարկած Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի ընթացքում:
«Մեր ուշադրության կենտրոնում է լինելու համայնքների ջրամատակարարման, ճանապարհաշինության, գազիֆիկացման, դպրոցաշինության ծրագրերը: Դոնորների կոնֆերանսում փորձելու ենք միջոցներ ներգրավվել նաև այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Խոսելով դպրոցաշինության մասին` Տիգրան Սարգսյանն ասաց, որ հանրապետության 1400 դպրոցներից 300-ը ներկայում կապիտալ վերանորոգման կարիք ունեն, իսկ պետությունը դեռևս կարողանում է տարեկան 59 դպրոցների վերականգնման ֆինանասներն ապահովել:«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հատկապես այս ուղղությամբ մեծածավալ ֆինանսներ հայթայթենք»,- ասաց վարչապետը:
ԵՄ դոնորների կոնֆերանսի կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամերի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ սեպտեմբերին կայացած հանդիմանը, հայտարարել էր, որմիջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ` Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ, արդեն աշխատանքներ են սկսել: