2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր` սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում մեկնարկեց բողոքի ակցիան` Հունգարիայի իշխանությունների կոմից Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ: Ռուսաստանի հայերի միությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մեծամասշտաբ հանրահավաքին եւ բողոքի ակցիային մասնակցում են Ռուսաստանում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:Հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ակցիայի կազմակերպիչն է Ռուսաստանի հայերի միությունը, որը սեպտեմբերի 7-ին բողոքի ցույց էր անցկացրել նաեւ Ռուսաստանում Հունգարիայի դեսպանության առաջ:
Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից. մարդասպանին հատկացվել է բնակարան, շնորհվել է մայորի կոչում, փոխհատուցվել է ութ տարվա աշխատավարձը: Այս կապակցությամբ Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: