Խճանկար

Քեյթ Միդլթոնը եւ Օլիմպիադան օգնել են գտնելու աշխարհի ամենամոդայիկ քաղաքը

2 րոպեի ընթերցում

Քեյթ Միդլթոնը եւ Օլիմպիադան օգնել են գտնելու աշխարհի ամենամոդայիկ քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնն ահա արդեն երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել Է նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքների վարկանիշը՝ այս հեղինակավոր տիտղոսի համար պայքարում առաջ անցնելով ամենագլխավոր մրցակիցներից մեկից՝ Նյու Յորքից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABS CBN News-ին: Այն ժամանակ, երբ Նյու Յորքում Բարձր մոդայի շաբաթվա բացմանը մասնակցելու համար այստեղ են ժամանել աշխարհի բոլոր ամենաճանաչված դիզայներները, մոդելները, ոճաբանները, նորաձեւության սիրահարները, այդ քաղաքն զբաղեցրել Է միայն պատվավոր երկրորդ տեղը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հաջողությունը կարելի Է բացատրել շատ պարզ. այստեղ վճռորոշ են եղել արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, եւ 2012-ի Ամառային օլիմպիադան, նշել Է Փոլ Փայակը՝ Global Language Monitor (GLM) ընկերության տնօրենը, որը կազմում Է աշխարհի քաղաքների «մոդայիկության» ամենամյա վարկանիշները:

«Քեյթ Միդլթոնը շատ մեծ ազդեցություն Է ունեցել բրիտանական նորաձեւության վրա»,-խոստովանել Է Փայակը, հավելելով, որ վերջերս անցկացված հարցումը ցույց Է տվել, որ նա նպաստել Է այս տարի միլիոնավոր ֆունտով վաճառքների ավելացմանը: Ընդսմին Միդլթոնը, սկսած Ուիլյամի հետ իր հարսանիքից, ոչ մի անգամ չի սխալվել հանդարձանք ընտրելիս, ընդգծել Է GLM-ի տնօրենը:

Լոնդոնից եւ Նյու Յորքից հետո աշխարհի լավագույն քաղաքների հնգյակում տեղ են զբաղեցրել Բարսելոնը, Փարիզը եւ Մադրիդը: Իսկ նորաձեւության սիրահարների նախընտրած Միլանն այս տարի չորրորդից իջել Է ութերորդ տեղը:

Յոթերորդ հորիզոնականն զբաղեցրած բրազիլական Սան Պաուլուն ճանաչվել Է Լատինական Ամերիկայի նորաձեւության մայրաքաղաքը: Ասիայում համանման տիտղոսի Է արժանացել Հոնկոնգը, որն այս տարի վարկանիշում գրավել Է 12-րդ տեղը: Աֆրիկայի քաղաքներից առաջին «քսանյակ» Է մտել միայն Յոհաննեսբուրգը, որն զբաղեցրել Է 18-րդ տեղը: Իսկ 28-րդ հորիզոնականում հայտնված Դուբայը ճանաչվել Է Մերձավոր արեւելքի ամենամոդայիկ քաղաքը:

Մոսկվան միայն 35-րդն Է վարկանիշում՝ մեկ տարվա ընթացքում կորցնելով 17 դիրք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում