Հանրապետությունում հաջորդ տարվանից հողի չափագրման արժեքը կնվազի
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ քննարկվեցին մարզի հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրները: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային եւ Գավառի տարածքային գրասենյակների տնօրենները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրներից մեկը վերաբերում էր հողակադաստրային խմբերի վերանայմանը եւ հողերի գնահատման համակարգի փոփոխությանը: Սահմանակից բազմաթիվ համայնքներում ժամանակին նույն նշանակությունն ունեցող հողերը գրանցվել են տարբեր կարգերի տակ: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը նշեց, որ այդ հարցը ներկայացված է ՀՀ կառավարության ուշադրությանը, այժմ գտնվում է քննարկման փուլում եւ լուծում կստանա հաջորդ տարում:
Որպես խնդիր ներկայացվեց նաեւ լիցենզավորված մասնավոր ընկերությունների կողմից գրանցման նպատակով կատարվող հողի չափագրումների բարձր արժեքը, որը մի քանի անգամ գերազանցում է նախկինում պետական գրանցման համար սահմանված վճարներին: Երվանդ Զախարյանը նշեց, որ 2013 թվականի հունվարից հողերի եւ շինությունների չափագրման իրավասությունը կտրվի կոմիտեի համակարգում գործող չափագրող եւ քարտեզագրող կառույցին, որի դեպքում չափագրման գները կլինեն ցածր եւ մատչելի՝ այլընտրանք դառնալով մասնավոր ընկերությունների կողմից սահմանված բարձր գներին:
Երրորդ հարցը վերաբերում էր մարզի քաղաքային համայնքներում քարտեզագրմամբ քաղաքացիների վրա չափից ավելի շատ տարածքներ ամրագրված հողերի գրանցմանը՝ ամբողջ հողամասը քաղաքացու վրա գրանցելու եւ հարկային դաշտ բերելու նպատակով: Երվանդ Զախարյանը այս կապակցությամբ նշեց, որ կադաստրի պետական կոմիտեն այս հարցում հիմք կընդունի համայնքի ավագանու որոշումը եւ քաղաքացու վրա կգրանցի հողամասը:
Մտահոգող հարցերից մեկն էլ գյուղական առանձին համայնքներում ժամանակին թույլ տրված սխալ քարտեզագրումներն են, ինչի հետեւանքով մինչ օրս այդ համայնքների սեփականատերերը չեն կարողանում ստանալ սեփականության իրավունքի վկայականներ: Այդ վայրերում նոր քարտեզագրման անհրաժեշտություն կա, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով առայժմ անհնար է դա իրականացնել: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով, ֆինանսական այլ աղբյուրների շնորհիվ խնդիրն արդեն լուծվում է Ակունք եւ Ներքին Գետաշեն համայնքներում: Իսկ մնացած վայրերում հարցը կարգավորելու համար կորոնվեն ֆինանսական աղբյուրներ, քանի որ տեղական բյուջեների սուղ միջոցները բավարար չեն լինի նոր քարտեզագրում իրականացնելու համար:
Զախարյանը հավաստիացրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների, Գեղարքունիքի մարզպետարանի եւ կադաստրի պետական կոմիտեի համագործակցված աշխատանքի դեպքում ոչ մի չլուծված խնդիր չի մնա: Համայնքի ղեկավարները ներկայացրին նաեւ այն խնդիրները, որոնք վերաբերում էին համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքներին հանձնելու կանոնակարգերին եւ գործընթացներին: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահը հույս հայտնեցին, որ բոլոր հարցերը քայլ առ քայլ լուծում կստանան, եւ առաջիկայում չի լինի որեւէ հողակտոր,, որ մնա առանց հաշվառման, հարկման եւ չօգտագործվի նպատակային: