Գործադուլի պատճառով Lufthansa-ի 100 հազարից ավելի ուղեւորներ չեն կարողացել օգտվել ինքնաթիռի տոմսերից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Lufthansa ավիաընկերության ուղեկցորդների գործադուլի պատճառով 100 հազարից ավելի ուղեւորներ չեն կարողացել օգտվել ինքնաթիռի տոմսերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ավիաընկերության մամուլի քարտուղար Կլաուս Վալտերը:
«Գործադուլից տուժել Է ավելի քան 100 հազար մարդ, 55-ից մինչեւ 60 հազար ուղեւորների մենք կարողացանք նախազգուշացնել SMS-ներով եւ նրանց այլընտրանք առաջարկել»,- ասել Է Վալտերը N-24 հեռուստաալիքի եթերում: Ավիաընկերությունն օրական միջին հաշվով փոխադրում Է 170 հազար ուղեւորների:
Ընդհանուր առմամբ ավիաընկերությունը հարկադրված Է եղել չեղյալ հայտարարել այսօրվա համար պլանավորված չվերթների մոտավորապես կեսից ավելին՝ 1800-ից հազարը:
Ufo անկախ արհմիութենական կազմակերպության ղեկավար Նիկոլայ Բաուբլիսն իր հերթին հայտարարել Է, որ գործադուլների սկսվելուց ի վեր առաջին անգամ շփում Է տեղի ունեցել գործատուի եւ արհմիության ներկայացուցիչների միջեւ:
«Մենք ակնկալում ենք, որ առաջին շփումից հետո Lufthansa-ում կկատարվեն ներքին տեղաշարժեր»,- ասել Է նա:
Ավիաընկերության ուղեկցորդները գործադուլ են անում օգոստոսի 31-ից, նրանք պահանջում են 5 տոկոսով աշխատավարձի բարձրացում: Խոսքը վերաբերում Է 19 հազար աշխատակիցների աշխատավարձին: