2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սոֆիայի Զինվորական պալատի սրահում սեպտեմբերի 3-ինտեղի է ունեցել Բուլղարահայոց Թեմի հիմնադրման 145-ամյակին նվիրված գիտաժողով: Նախադեպը չունեցող գիտաժողովն անցել է Բուլղարահայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Աբգար Վարդապետ Հովակիմյանի նախագահությամբ, ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Քույր Եկեղեցիների, Քրիստոնեական այլ հարանվանությունների, մահմեդական ու հրեական համայնքների ներկայացուցիչներ, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոսներ, հայ և օտարազգի գիտնականներ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին բուլղարահայոց թեմից, գիտաժողովը աղոթքով սկսելով` հոգեշնորհ Աբգար Վարդապետն ողջունել է ներկաներին ու հանդես եկել բացման խոսքով: Այնուհետև ողջույնի խոսք են ասել Տիկին Պողոսյանն ու Պարոն Սհոյանը:
Ներկայացված զեկույցներով ու քննախոսություններով անդրադարձ է կատարվել բուլղարահայ համայնքի առաջացմանը, Բալկաններում հայկական ներկայությանը, Բուլղարահայոց թեմի հիմնադրման նախադրյալներին, Բուլղարիայի ու բուլղար ժողովրդի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում հայ համայնքի դերակատարությանը, հայ- բուլղարական հարաբերությունների առանձնահատկություններին:
Գիտաժողովն ընթացել է հագեցած ծրագրով և ներկաների ակտիվ մասնակցությամբ:
Երեկոյան` գիտաժողովի փակումից հետո, մասնակիցներն այցելել են կառուցման փուլում գտնվող Սոֆիայի Սբ Աստվածածին եկեղեցի: