Հաագայում Հունգարիայի դեսպանության առջև բողոքել են ոճրագործ Սաֆարովի արտահանձնման դեմ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայում Հունգարիայի դեսպանության առջև Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել բողոքի ցույց:
Հոլանդահայ համայնքը «Ամո՛թ, Հունգարիա» վանկարկումներով պարզել է
«Հունգարական արդարադատությունը վաճառքի է հանված», «Հունգարիան նավթի քաղց ունի», «Ատելության հանցագործությունը վերածվել է հերոսական
արարքի», «Ես Գուրգեն Մարգարյան եմ» և այլ վերտառություններով պաստառներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, ցույցի ընթացքում հոլանդահայ համայնքի ներկայացուցիչների խումբը բողոքինամակ է հանձնել Նիդերլանդներում Հունգարիայի դեսպանին: Նամակում դատապարտում են հունգարական կառավարության որոշումը և պահանջում քայլեր ձեռնարկելու, որպեսզի Ադրբեջանը կատարի արտահանձնման պահանջները:
Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: