Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Հանրապետության ղեկավարը Թուրքմենստանի փոխվարչապետի այցը և դրա շրջանակներում Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը համարել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրվածության հաստատում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքմենստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու հումանիտար կապերի ընդլայնումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու և զարգացնելու այդ հարաբերությունները:

Փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևն արդյունավետ է համարել միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստի աշխատանքը, որտեղ նրա խոսքով, քննարկվել են մի շարք ոլորտներում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությանն ուղղված հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին և, նրանց համոզմամբ, կողմերն այդ ուղղությամբ զգալի աշխատանք ունեն իրականացնելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում