Գյումրիում համալսարանի մոտ դանակահարություն է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀոստիկանության Գյումրիի բաժնում սեպտեմբերի 3-ին` ժամը 13.10-ին,հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Արամ Հ.-ն:Ըստ բժշկի տեղեկանքի` Արամ Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ վիճաբանության ժամանակ Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը:Արտյոմ Կ.-ն ձերբակալված է:Նախաքննությունը շարունակվում է: