3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցըօգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում երկրաշարժերից մեկի օջախը գրանցել է հանրապետության տարածքում: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին` 3 բալ ուժգնությամբ, իսկ էպիկենտրոնը գտնվում է Գավառ քաղաքից 12 կմ արևելք:
ԻՆչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԱԾ-ից, տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 16 երկրաշարժ: Օգոստոսի 30-ին 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղ ունեցել Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում` Զաքատալա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք: Նույն օրը 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Օզուրգեթ քաղաքից 16 կմ արևելք: Օգոստոսի 31-ին 2 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Թուրքիայում` 3 բալ ուժգնությամբ Սարիղամիշ քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք և 3-4 բալ ուժգնությամբ Չալդրան քաղաքից 30 կմ հարավ-արևմուտք: Սեպտեմբերի 1-ին 3 երկրաշարժ է գրանցվել. 3-4 բալ ուժգնությամբ Իրանի Խոյ քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, 3 բալ ուժգնությամբ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Հիրսա քաղաքից 38 կմ հարավ-արևմուտք և 4 բալ ուժգնությամբ Վրաստանի Քվարելի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք: Սեպտեմբերի 3-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպեկենտրոնը գտնվում է Վրաստանի Գորի քաղաքից 31 կմ հարավ-արևելք: Սեպտեմբերի 4-ին 4 բալ ուժգնությամբ 2 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Ադրբեջանում` Զաքատալա քաղաքից 29 կմ և 27 կմ հյուսիս-արևմուտք: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս արևմուտքում:Ս.թ. օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 6 հետցնցում (3.5-ից մեծ մագնիտուդով):
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 5 ուժեղ երկրաշարժ: Օգոստոսի 30-ին գրանցված 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնային գոտին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` Յան Մայեն կղզու շրջանում: Օգոստոսի 31-ին Ֆիլիպիններում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել,որին հաջորդել է 127 հետցնցում: Սեպտեմբերի 3-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ինդոնեզիայի առափնյա տարածքում: Սեպտեմբերի 3-ին Սանտա Կրուզ կղզեխմբի տարածքում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:Սեպտեմբերի 5-ին Կոստա Ռիկայի ափամերձ տարածքում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր կամ ավերածություններ չկան: