2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոպարկի գլխավոր օպերատոր Գյումրու Տնտեսական զարգացման հիմնադրամն արդեն սկսել է համագործակցությունը ձեռնարկությունների հետ: Հիմնադրամն արդեն մի շարք աշխատանքներ է իրականացրել, մասնավորապես` «Արշալույս» ու «Գեւորգ եւ Վահան» ընկերությունների համար կատարել է կատալոգների դիզայնի աշխատանք: Անհրաժեշտության դեպքում տրվում է նաեւ խորհրդատվություն բիզնես-շուկայի եւ ապրանքատեսակների մասին: Ընկերություններից մեկի համար իրականացվում է ավտոմատ կառավարման համակարգի նախագծում:
«Ծրագիր կա նաեւ բարձրացնել Գյումրիում գործող ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը: Դրանց թվում են թե՛ ինժեներական լուծումներ առաջարկելը, թե՛ շուկայավարմանը ծանոթացնելը: Ունենք նաեւ փոքր ծրագիր՝ վաճառքի ծառայություններ մատուցում, որը կարող է գործիք ծառայել նաեւ բիզնես գաղափարների կամ ծրագրերի իրականացման ոլորտում: Այս բոլոր աշխատանքներն իրականացնում են Տեխնոպարկի սկսնակ ընկերությունները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը:
Հիմնադրամի գլխավոր նպատակն է Գյումրիում գործող ընկերություններին աջակցել լուծելու նրանց խնդիրները, իսկ լուծումը գտնում են Տեխնոպարկի սկսնակ ընկերությունները: «Մենք օգնում ենք մեր սկսնակ ընկերություններին տեղի շուկայում «դիրքավորվելու»` նպաստելով նրանց` արտաքին շուկա դուրս գալուն: Բացի դրանից կան նաեւ անհատներ, ովքեր հանդես են գալիս լավ բիզնես գաղափարներով: Մենք օգնում ենք նրանց բիզնես պլանի մշակման, անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկի, ռեսուրսների հայթայթման եւ այլ հարցերում, որից հետո էլ ստեղծվում են սկսնակ ընկերությունները: Վերջիններս կանցնեն ինկուբացիոն փուլ տեխնոպարկի տարածքում: Այս տարի, կարծում եմ, երկու կամ երեք նմանատիպ ընկերություններ կհիմնենք»,-ավելացրեց Գուրգեն Պարոնյանը: