Արցախ

ԼՂՀ արտգործնախարարությունը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահին

3 րոպեի ընթերցում

ԼՂՀ արտգործնախարարությունը նամակ է հղել ԵԱՀԿ գործող նախագահին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ-ից, նամակում ասվում է. «Հավաստիացնելով Ձեր նկատմամբ իմ խորին հարգանքը` ափսոսանքով արձանագրում եմ, որ պաշտոնական Բաքուն հերթական անգամ ձեռնարկում է ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձախողմանն ուղղված գործողություններ: Քնած վիճակում մարդուն սպանած և Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին և այդ երկրում նրան ներում շնորհելը հերթական ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում և քաջալերում է հայատյացության և ֆաշիզմի քաղաքականությունը, ինչը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և մի շարք այլ քաղաքներում ու հայաբնակ վայրերում կատարված հայերի ջարդերի շարունակությունն է:

Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ մտադիր չէ հետևել ինչ-ինչ պարտավորությունների, այդ թվում` միջազգային, և նրա հիմնական նպատակն է հերթական ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) նկատմամբ և ամբողջովին բնաջնջել նրա բնակչությանը: Այդ կապակցությամբ դարձյալ հաստատվում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է վարվել` ընտրելով անկախ, ժողովրդավար և ուժեղ պետություն կառուցելու ուղին»:

Հաղորդագրության մեջ հույս է հայտնվում, որ ԵԱՀԿ-ն և նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին և կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և նացիզմի գաղափարախոսությունից:

«Մենք` մեր հերթին, վերստին հավաստում ենք մեր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` միաժամանակ հայտարարելով, որ մենք ի զորու ենք պաշտպանել մեր երկիրը և նրա ազատության ու անկախության նկատմամբ ոտնձգությունների դեպքում արժանի հակահարված տալ ագրեսորին»,- նշվում է նամակում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում