1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Երեւանում դիմավորեցին բողոքի ակցիաներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահի նստավայրի դիմաց հավաքվածները բողոք հղեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Նրանք վանկարկում էին «ամոթ», «արդարություն», ձեռքերում պահած հայկական դրոշը` հայրենասիրական երգեր էին կատարում:
Բուդապեշտում 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դավադրաբար սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից ու ներում շնորհելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լռությունը բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում: Երիտասարդները կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում է կատարվել ոճրագործությունը:
Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: