2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաքում նոյեմբերի 10-13-ն«Արվեստների փառատոն» մշակութային իրադարձությունը կմիավորի արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներին: Հայաստանը կմասնակցի միջազգային փառատոնին ռեժիսոր Լարիսա Մանգասարովայի «Փոքրիկ իշխանը» բեմադրությամբ:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ փառատոնի կազմակերպիչ կողմն է հավանել եւ ընտրել թատրոնի խաղացանկում ընդգրկված այս ներկայացումը:
«Ժյուրին երեք օրերի ընթացքում կդիտի 20-25 ներկայացում, եւ կարծում եմ, որ եթե ընտրել են հենց «Փոքրիկ իշխանը», ապա այն իրենից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով` փառատոնը լավ հնարավորություն է տարբեր երկրների միջեւ փորձի փոխանակման եւ համագործակցության նոր հեռանկարների համար:«Կարծում եմ եվրոպացի հանդիսատեսին կգրավի հանրահայտ դասական ստեղծագործության հայկական մեկնաբանությունը, յուրաքանչյուր մարդ գիտի իր Փոքրիկ իշխանին, այս բեմադրության մեջ ամեն ինչ հայկական մոտեցմամբ է` թե երաժշտական լուծումները, թե նկարչական բեմադրությունը, թե դերասանները»,- ընդգծեց գեղարվեստական ղեկավարը:
Բուխարեստյան փառատոնի մասնակիցների ֆինանսական ծախսերն ամբողջությամբ հոգացել էհրավիրող կողմը:
Տիկնիկային թատրոնը 2011 թվականին մասնակցել էր Ղազախստանի Ալմաթի քաղաքում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը անցկացված «Կարնավալ»1-ին միջազգային տիկնիկային փառատոնին: Տիկնիկայինը ներկայացել էր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թեւավորը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղով` երիտասարդ ռեժիսոր Զարուհի Անտոնյանի բեմադրությամբ: