Քաղաքականություն

«Ես չեմ հանձնել Սաֆարովին, քանզի չեմ ունեցել երաշխիքներ, որ ոճրագործը պատիժ է կրելու», ՀՀ նախագահին գրել է Հունգարիայի նախկին վարչապետը

2 րոպեի ընթերցում

«Ես չեմ հանձնել Սաֆարովին, քանզի չեմ ունեցել երաշխիքներ, որ ոճրագործը պատիժ է կրելու», ՀՀ նախագահին գրել է Հունգարիայի նախկին վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի «Ժողովրդավարական կոալիցիա»կուսակցության ղեկավար, երկրի նախկին վարչապետՖերենց Գյուրշսանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակում, փոխանցելով իր զորակցությունն ու վրդովմունքը, նշել է, որ իր իշխանության ընթացքում չի հանձնել Սաֆարովին Ադրբեջանին, քանզի չի ունեցել համապատասխան երաշխիքներ, որ ոճրագործը պատիժ է կրելու:

«Ինչպես գիտեք` ադրբեջանական իշխանությունները դեռ իմ ղեկավարության տարիներին արդեն խնդրել էին արտահանձնել հանցագործին, սակայն իմ կառավարությունը որոշեց ընդառաջ չգնալ ադրբեջանական խնդրանքին, քանզի չկային նրա հետագա ազատ արձակումն արգելող իրական երաշխիքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ նախագահին ուղղված նամակում գրում է հունգարական կառավարության նախկին ղեկավարը`այսպիսով հերքելով Հունգարիայի իշխանությունների այն թեզը, թե իրենք չեն պատկերացրել, որ Սաֆարովը կարող է ազատ արձակվել Բաքու վերադառնալուց հետո:

Ֆերենց Գյուրշսանին նշել է, որ հունգարական իշխանությունների` Սաֆարովին արտահանձնելու քայլն «անընդունելի, նվաստացուցիչ ու անտակտ քայլ է հայ ժողովրդի նկատմամբ»: Նա դա որակել է որպես տարածաշրջանային զգայուն խնդիրների նկատմամբ իրենց իշխանության անընկալության դրսևորում:

Որպես Հունգարիայի նախկին վարչապետ, իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին ու Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, Գյուրշսանին հույս է հայտնել, որ Հայաստանի և Հունգարիայի ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններն ապագայում էլ ավելի կամրապնդվեն:

«Արմենպրես»-ին ավելի վաղ տրամադրած պարզաբանման մեջ Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը նշել էր, որ Բաքուն հունգարական կողմին հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի: Սակայն վկայակոչելով հավաստի դիտարկումները` «Արմենպրես»-ն ավելի վաղ ընդգծել էր` հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանցիների հայեցողությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում