Մոսկվայի գրքի միջազգային տոնավաճառին Երեւանը ներկայանում է հատուկ հյուրի կարգավիճակով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի գրքի միջազգային տոնավաճառին 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանը ներկայանում է հատուկ հյուրի, հիմնական ցուցադրողի կարգավիճակով: Սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք տոնավաճառի օրերի ընթացքում անցկացվելու են գրքերի ու ֆիլմերի շնորհանդեսներ, հայ գրատպության 500-ամյակին նվիրված սեմինարներ, հանդիպումներ Մոսկվայի հայ համայնքի անդամների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» կազմակերպությունից, Ժոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» գիտական հայտնի աշխատության շնորհանդեսն ուղեկցվելու է Հայաստանի ճարտարապետությունը ներկայացնող ֆոտոցուցահանդեսով: Գրքի միջազգային տոնավաճառի մասնակիցներին ներկայացվելու է հայ առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան» եւ «Իսպանիա» վեպերի ռուսերեն հրատարակությունները, հայ արձակագրի «Նավը լեռան վրա» վեպի քննարկում է լինելու, ցուցադրվելու են «Կոստան Զարյան», «Օրբելի գաղտնագիրը» վավերագրական ֆիլմերը: Ներկայացվելու են գրող Կիմ Բակշիի «7 երգ Հայաստանի մասին» գիրքը, հայազգի ռուս հեղինակ Նարինե Աբգարյանի գրքերը, մանկական գրականության հրատարակիչները քննարկելու են բնագավառի խնդիրները: Վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանն անցկացնելու է թղթի պատրաստման վարպետության դաս: