Տնտեսություն

Իրաքյան շուկան բացվում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար

2 րոպեի ընթերցում

Իրաքյան շուկան բացվում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 5-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց Իրաքի իր պաշտոնակցին` գյուղատնտեսության նախարար ԻԶ ադ-Դին Աբդ Ալլահ Հուսայնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս հայտնեց, որ այս այցելությունը նոր կապեր կստեղծի երկու պետությունների գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներմուծման ոլորտում:

«Հայաստանն ունի բավականին զարգացած գյուղատնտեսություն և ունակ է թարմ, ինչպես նաև պահածոյացված պտուղ-բանջարեղենով, կարտոֆիլով, խաղողով հագեցնել իրաքյան շուկանե,-վստահեցրեց Սերգո Կարապետյանը: ՀՀ գյուղնախարարի խոսքով` Հայաստանն արտահանման ներուժ ունի նաև կենդանական ապրանքների արտահանման ոլորտում, և առաջարկի դեպքում կարող է Իրաք արտահանել տարեկան 50 հազար գլուխ կենդանի ոչխար, 500-600 տոննա բուրդ, 500 տոննա սաղմոնազգի և թառափազգի ձուկ:

Նա իր իրաքցի գործընկերոջը հրավիրեց համատեղ այց կատարել հայաստանյան գյուղմթերքներ արտադրող և վերամշակող ձեռնարկություններ` տեղում ծանոթանալու առկա հնարավորություններին: Իր հերթին Իզ ադ-Դին Աբդ Ալլահ Հուսայնին նշեց, որ Իրաքը ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը և ներկրել այն, ինչի կարիքն իրենք ունեն: Ըստ Իրաքի գյուղատնտեսության նախարարի`Հայաստանն ու Իրաքը տարածքով իրար մոտ են գտնվում, ինչը ևս կարող է խթանել երկկողմանի առևտրաշրջանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում