Մշակույթ

Բուլղարիայում ավարտվել են հայ մշակույթի օրերը

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայում ավարտվել են հայ մշակույթի օրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ավարտվեցին հայ մշակույթի օրերը: Դրանք անցկացվեցին սեպտեմբերի 1-5-ը: Միջոցառման պաշտոնական բացման արարողությանը մասնակցել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մշակույթի օրերի շրջանակում սեպտեմբերի 1-ին Պլովդիվ քաղաքի ամառային թատրոնում ելույթ են ունեցել Հայաստանի ֆիհլարմոնիայի ժողովրդական գործիքների եւ «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթները: Սոֆիայի կինոյի տանը սեպտեմբերի 2-ին ցուցադրվել է կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» խաղարկային կինոնկարը: Սեպտեմբերի 3-ին Սոֆիայի Ազգային օպերային թատրոնում մեծ գալա համերգով իրենց արվեստն են ցուցադրել հայ արվեստի գործիչները: Համերգին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԲՀ մշակույթի փոխնախարար Միտկո Տոդորովը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, բարձրաստիճան հյուրեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 4-ին «Սբ.Կիրիլ եւ Մեթոդիի» անվան ազգային գրադարանում բացվել է «Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք եւ հայ գրատպության 500-ամյակը» խորագրով հայ հնատիպ գրքերի ցուցահանդեսը, որտեղ եւ տեղի է ունեցել «Մարկո Կրալ» էպոսի հայերեն եւ Լեւոն Շանթի «Կայսր» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Մարգարիտա Պոպովան, ով իր ելույթում նշել է հայ գրականության համար գրատպության գյուտի նշանակությունը եւ կարեւորել բուլղարական բազմաթիվ գրքերի եւ ամսագրերի հրատարակումը Կոստանդնուպոլսի հայկական տպարաններում:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բուլղարիայի Հանրապետության փոխնախարար Միտկո Տոդորովը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, Հայաստանի եւ Բուլղարիայի ազգային գրադարանների տնօրեններ Բորյանա Խրիստովան եւ Տիգրան Զարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում