Մետրոպոլիտենի կայարաններում առևտրային կետերը միանման տեսք կունենան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղևորվել է «Սասունցի Դավիթ» կայարան: Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս երկուսը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի քայլեր ձեռնարկել մետրոպոլիտենի շրջակա տարածքում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնելու ուղղությամբ:

Հավանություն տալով «Զորավար Անդրանիկ» կայարանի տարածքում առևտրի կազմակերպման համար սահմանված վայրերում վարձակալի կողմից վերջերս ամբողջությամբ արդիականացված կրպակաշարերի արտաքին տեսքին, քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև մետրոպոլիտենի մյուս կայարաններում առկա առևտրային կետերը ևս միանման տեսքի բերելու ուղղությամբ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է ստորգետնյա պոմպակայան և ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին: Հատկանշական է, որ մետրոպոլիտենի գործարկման օրից ի վեր պոմպակայանները երբևէ չեն արդիականացվել, ինչն իր հերթին մեծապես խոչընդոտել է մետրոպոլիտենի սարքավորումների բնականոն աշխատանքին: Համալիր ծրագրի իրականացման արդյունքում ամբողջովին կլուծվի մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարանների պոմպակայանների արդիականացման աշխատանքներն ավարտել հնարավորին կարճ ժամկետում. «Պոմպակայանների արդիականացման ծրագիրը ներառված է մեր այս տարվա ծրագրերում և արդեն հաջորդ տարի մենք ամբողջությամբ կավարտենք այն ու այս խնդիրը ևս կլուծվի»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը «Երիտասարդական» կայարան է ուղևորվել էլեկտրոնային վահանակով կառավարվող նոր շարժակազմի մեքենավարական խցիկում: Մեքենավարը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն հեշտացել է շարժակազմերի շահագործումը:

«Երիտասարդական» կայարանի մեքենայական սրահում քաղաքապետը հետևել է նաև շարժասանդուղքներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման և հարակից տարածքների պայմաններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները:Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված առաջարկությունները:

Տարոն Մարգարյանը այցելել է նաև մետրոպոլիտենի կենտրոնական կարգավարական կառավարման և տեսահսկման իրավիճակային կենտրոններ, զրուցել աշխատակիցների հետ: Զեկուցվել է, որ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են շուրջ 200 տեսախցիկներ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Քաղաքապետը հանձնարարել է մետրոպոլիտենի աշխատանքի լիարժեք տեսահսկումն ապահովելու նպատակով կարճ ժամանակում մնացած անհրաժեշտ տարածքները ևս կահավորել տեսախցիկներով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ: Շնորհակալություն հայտնելով սրտացավ ու նվիրված աշխատանքի համար, քաղաքապետը վստահեցրել է, որ մետրոպոլիտենը` իր ռազմավարական նշանակությամբ, մշտապես լինելու է թե հանրապետության ղեկավարության, և թե քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Խոսելով մետրոպոլիտենի առաջիկա անելիքների և զարգացման ծրագրերի մասին, Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ մետրոպոլիտենի ընդլայնման նպատակը մշտապես լինելու է օրակարգում և առաջին իսկ հնարավորության դեպքում կյանքի կկոչվեն բոլոր այն զարգացման հեռանկարները, որոնք մետրոպոլիտենի աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ. «Վերջին տարիներին մեծ ծրագրեր են իրականացվել մետրոպոլիտենում, որոնք այսօր էլ շարունակվում են: Մեր առաջնային խնդիրը մեր համաքաղաքացիների անվտանգ ու հարմարավետ երթևեկության ապահովումն է, ինչը քայլ առ քայլ իրականացնում ենք: Պետք է փորձենք նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ավելի հիմնարար խնդիրներ կարգավորել մետրոպոլիտենում, այդ թվում նաև շարժակազմերի արդիականացման ու թարմացման ուղղությամբ», - շեշտել է քաղաքապետը:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ. «Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցն անհրաժեշտ է Երևանին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր հետագա ծրագրերով ապահովենք էլեկտրատրանսպորտի զարգացումը, մասնավորապես շարժակազմերի արդիականացման, ցանցի ընդլայնման և մալուխային ցանցերի թարմացման մասով»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև հստակ և որոշակի քայլեր ձեռնարկել առկա շարժակազմերի պահպանման և արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ